ԱՄՆ-ի նախագահական ընտրություններում Դոնալդ Թրամփի հաղթանակը չի փոխի վերաբերմունքը ուկրաինական ճգնաժամի նկատմամբ՝ հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը։ «Վաշինգտոնի սկզբունքային վերաբերմունքը ուկրաինական և նույնիսկ եվրոպական հարցերի նկատմամբ չի փոխվի այն առումով, որ Վաշինգտոնը միշտ կձգտի իր վերահսկողության տակ պահել այն ամենը, ինչ տեղի է ունենում ՆԱՏՕ-ամերձ և բուն ՆԱՏՕ-ի տարածքում»,- ընդգծել է նա։               
 

Այդ բուրգերը դժվար է անվանել քաղաքական կուսակցություններ

Այդ բուրգերը դժվար է անվանել քաղաքական կուսակցություններ
10.04.2009 | 00:00

ԲԱՑԱՌԻԿ ԻՐԱՎԻՃԱԿ
«Կուսակցություններն իրենցից ներկայացնում են հասարակության կազմակերպված կարծիքը»։
ԲԵՆՋԱՄԻՆ ԴԻԶՐԱՅԵԼԻ
Բրիտանական պետական ու քաղաքական գործիչ
Նախագահական ընտրություններից հետո Հայաստանի քաղաքական դաշտում ստեղծվել է աննախադեպ և իր բացասական ազդեցությամբ բացառիկ իրավիճակ, որը բնորոշվում է քաղաքական կազմակերպությունների քայքայման ավարտով։ Հասկանալի է, որ նման բնութագրումները կարող են առաջացնել կուսակցական տարաբնույթ ֆունկցիոներների բողոքն ու դժգոհությունը, սակայն կարելի է համարձակվել ու պնդել, որ վերջին ժամանակաշրջանում քաղաքական կուսակցությունները, այդ բառի դասական իմաստով, կոչված լինելով կազմակերպված ձևով արտահայտելու հասարակական կարծիքը, դադարել են որպես այդպիսին գոյություն ունենալուց։
Ընդ որում, դա վերաբերում է թե՛ ընդդիմադիր, թե՛ իշխանական դաշտին։ Իրենց գաղափարախոսության մեջ ու կազմակերպական առումով սահմանափակված կազմակերպությունները, որոնք այսօր ընդգրկվել ու մաս են կազմում երկրի քաղաքական դաշտի երկու հիմնական բուրգերի, դժվար է անվանել քաղաքական կուսակցություններ։ Իսկ կուսակցական առաջնորդներն ավելին չեն, քան ստատիստները։ Թեպետ իրականում քաղաքական կուսակցություններն իրենց գաղափարախոսական բազմազանությամբ, հիմնախնդիրների տարբեր լուծումներով ոչ միայն պետք է դառնային հասարակության գլխավոր ձեռքբերումներից մեկը, այլև վերածվեին երկրի ժողովրդավարական զարգացման կարևոր գրավականի։
Այսօր գրանցված են մի քանի տասնյակ կուսակցություններ` ծայրահեղ ազգայնականներից մինչև ծայրահեղ լիբերալները։ Սակայն, ըստ էության, քաղաքական դաշտում իրական գործունեություն է ծավալում դրանցից մոտ մեկ տասնյակը։ Մնացած կազմակերպությունները կա՛մ գտնվում են մումիացած վիճակում և ակտիվանում են միայն ընտրությունների նախաշեմին, կա՛մ էլ, լավագույն դեպքում, պահպանում անդամների նվազագույն թվաքանակը։ Անհրաժեշտ է նշել, որ նույնիսկ մշտական գործունեություն ծավալող քաղաքական կազմակերպությունների շարքում ոչ բոլորի ակտիվությունն է պայմանավորված անդամների իրական թվաքանակով։ Այստեղ հիմնականում դեր ունի կուսակցությունների ղեկավարության անձնական ակտիվությունը։ Անկասկած է, որ այնպիսի փոքր և քաղաքական առումով ոչ առաջադեմ երկրում, ինչպիսին Հայաստանն է, այս թատերականացված միջավայրն անթույլատրելի շքեղություն է։ Ավելին, ինչպես բնակչությունը, այնպես էլ քաղաքական փորձագիտական շրջանակները վաղուց և արդարացիորեն հանդես են գալիս կուսակցությունների միավորման և խոշորացման պահանջով` գաղափարախոսական ընդհանրությունների հիմքի վրա։ Կարելի է ասել, որ հասարակական պահանջն այս իմաստով ձևավորված է, սակայն, Հայաստանի քաղաքական դաշտում իրողությունները պայմանավորված են բոլորովին էլ ոչ քաղաքական ծրագրերով ու գաղափարախոսական շարժառիթներով։ Դեգրադացիայի ներկայիս գործընթացը սկսվել է բավական վաղուց։
Հայաստանում քաղաքական դաշտի կայացման գործընթացը պայմանականորեն կարելի է բաժանել երեք փուլի։ Առաջին փուլը 1988-94 թվականներն էին, որը կարելի է համարել ռոմանտիզմի ժամանակաշրջան։ Այդ շրջանում քաղաքական կուսակցությունները միայն ձևավորվում էին, փորձում իմաստավորել իրենց դերն ու նշանակությունը երկրի կյանքում, ձեռք բերել հասարակական վստահություն։ Միավորումներն էլ, համապատասխանաբար, տեղի էին ունենում հիմնականում գաղափարախոսական հիմքի վրա։ Երկրորդ փուլը 1994-98 թվականներն էին, երբ տեղի ունեցավ քաղաքական դաշտի ընդգծված ու կոշտ տարաբաժանում` իշխանության ու ընդդիմության։ Դա քաղաքական ուժերի հակադրության ժամանակաշրջան էր, գաղափարախոսական հակադրության, ինչի հետևանքով կուսակցությունները միայն ամրանում ու ավելի ինքնաբավ էին դառնում։ ՈՒշագրավ է, որ հենց այդ շրջանում է նկատվում նրանց հասարակական ազդեցության ընդլայնումը։ Երրորդ փուլը 1998-2008-ն է` Քոչարյանի կառավարման ժամանակաշրջանը, որի հիմնական բնութագրականներն են քաղաքական դաշտի լղոզումը, քաղաքական կուսակցություններին վարչահրամայական համակարգով ու արհեստական կառույցներով փոխարինելու մղումը։ Քաղաքական դաշտում դիրքորոշումների պայքարը սկսեց փոխարինվել կուսակցությունների կառավարելիության մեծացմամբ։ Պակաս կարևոր չէ, որ այդ փուլի համար բնութագրական է միաժամանակ իշխանության կոռումպացվածության մեծացումը, կրիմինալի ներդրումը քաղաքական կազմակերպություններում։ Արդյունքները չուշացան և արտահայտվեցին բնակչության բացահայտ հիասթափությամբ կուսակցություններից և օտարվածությամբ իշխանությունից ու պետությունից առհասարակ։
Խորհրդարանական վերջին ընտրություններից հետո, երբ ընդդիմությունն անմիաբանության պատճառով ջախջախվեց, և ձևավորվեց կառավարող կոալիցիա, քաղաքական դաշտը մոտեցավ վերջնական «մաքրման» փուլին, երբ քաղաքական կազմակերպությունների գոյությունն այլևս պայմանավորված է միայն այդտեղ ընդգրկված անձանց անձնական շարժառիթներով կամ ընդգծված առաջնորդի առկայությամբ։ «Քաղաքական գլոբալացման» այս գործընթացն առաջին հերթին ավարտվեց իշխանական դաշտում, ինչի պատճառով կոալիցիոն կուսակցությունները, մոռանալով ծրագրերի ու գաղափարախոսության մասին, անտեսելով անգամ իրենց շարքերի կարծիքը, բոլոր ջանքերն ուղղեցին իշխանության թևի տակ հայտնվելուն։ Թվում էր` իրարից այդքան տարբեր ուժերը չեն կարողանա ապահովել ներիշխանական կայունություն, սակայն Սերժ Սարգսյանը նախընտրեց գործել «ամեն քրոջը` մի ականջօղ» սկզբունքով և դրա արդյունքում նվազեցնել իր հնարավոր ընդդիմախոսների ցանկը։ Հաշվարկը ճիշտ դուրս եկավ, ու պարզվեց, որ կուսակցություններն ամեն ինչից ավելի նախընտրեցին նախարարական պորտֆելները, կորցնելով սեփական դեմքն ու վերածվելով քաղաքական գործընթացների ստատիստների` վարկանիշի կտրուկ անկումով։ Եվ եթե իշխանության գործողություններն իր տեսանկյունից արդարացված էին որպես ներքաղաքական կայունության ապահովման ձև, ապա կուսակցությունները ոչինչ չստացան, բացի կուսակցական ֆունկցիոներների անհատական օգուտներից։ Այլևս դժվար է պատկերացնել, որ այս պայմաններում նրանք կարող են իրական դերակատարություն ստանձնել գոնե արտաքին քաղաքական գործընթացներում և այդպիսով օգտակար լինել մեր երկրին։
Ինչ վերաբերում է ընդդիմությանը, ապա վճռական ու խարիզմատիկ գործիչների երկար կարոտախտից հետո ընդդիմադիր կուսակցություններն ընտրություն կատարեցին հօգուտ առաջին նախագահի բավական ծանրակշիռ հեղինակության։ Նրա շուրջը ստեղծվեց ներկայիս ընդդիմադիր միավորումը, որը տեխնոլոգիական առումով բավական հաջողությամբ տեղավորվում էր էլեկտորալ պահանջների դաշտում և դրա համար էլ կարողացավ մրցակցային ընտրություններ ապահովել։ Սակայն Լևոն Տեր-Պետրոսյանի «անհերքելի հեղինակությունն» ու «բացարձակ առաջնորդ» լինելու հանգամանքը տարածվեցին ոչ միայն ընտրական գործընթացի, այլև երկարատև հետընտրական ժամանակահատվածի վրա։ Հենց դրա արդյունքում ձևավորվեց ՀԱԿ-ը` առաջին հայացքից կուսակցական, բայց, ըստ էության, ամորֆ ու ապագաղափարականացված մի կառույց, որը ներառում է միմյանց նկատմամբ թշնամաբար տրամադրված կուսակցությունների մի ամբողջ փունջ։ Դժվար էր պատկերացնել ավելի հակասական մի բան, քան այդքան տարաբնույթ ուժերի միավորում` կազմված ՀԺԿ-ից, ՀՀՇ-ից, հնչակներից ու մարքսիստներից։ Կարելի է, իհարկե, ներկայացնել, որ նրանք համախմբվել են նույն առաջնորդի շուրջը, սակայն Երևանի ավագանու առաջադրումների համար ցուցակի ձևավորումը ցույց տվեց, որ դաշինքային սկզբունքը բոլորովին էլ չի գործում։ Առաջնորդի ճնշմամբ և նրա հավակնությունների ծանրության ներքո, ըստ էության, անէացան մնացած բոլորը, իսկ ցուցակը կազմվեց արդեն հայտնի սկզբունքներից ելնելով, ինչի մասին հայտարարում էր ցուցակում առաջնային դիրքի հավակնող և այդպես էլ դրան չհասած մարքսիստ Հակոբյանը։
Ինչ վերաբերում է մյուս կուսակցություններին, որ ո՛չ ՀԱԿ-ի կազմում են, ո՛չ էլ իշխանության, ապա նրանք երկարատև, եթե ոչ վերջնական ցայտնոտի մեջ են։ Բացառություն է կազմում, թերևս, միայն «Ժառանգությունն» իր խորհրդարանական դեկլարացիաներով։ Իրադրությունը չեն փրկում նույնիսկ նոր ձևավորվող հասարակական խորհուրդը, նախագահի հետ կազմակերպվող հանդիպումները։ «Չեզոք դաշտում» մնացած կուսակցություններն անշեղորեն ընթանում են հասարակական կազմակերպությունների կամ ինչ-որ շահերի շուրջ գործող ակումբների վերածվելու ճանապարհով։ Թեպետ քաղաքացիական հասարակության մեջ այդպիսի շերտն էլ իր նշանակությունն ու գործառույթներն ունի, բայց դա արդեն ոչ մի առնչություն չունի քաղաքականության հետ։
Սոնա ՍԻՄՈՆՅԱՆ

Դիտվել է՝ 3057

Մեկնաբանություններ